AM
10 Մարտ 2005 - 06:02 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» նախագահ Դենիզ Բայկալը մարտի 8-ին հանդիպել է երկրի վարչապետ Թայիփ Էրդողանին եւ տեղեկացրել է կառավարության ղեկավարին Հայոց ցեղասպանության մեղադրանքներին դիմակայելու ուղղությամբ կուսակցության ծրագրերի մասին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Turkish Daily News» գործակալությունը: Ելույթ ունենալով հանդիպման ավարտին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում` Էրդողանն ասել է. «Ոչինչ չպետք է հիմնվի ատելության վրա: «Կապույտ գիրքը» գրվել է 90 տարի առաջ պատերազմի ժամանակ` քարոզչության նպատակով: Մենք կհամագործակցենք ԺՀԿ-ի հետ, եւ կներկայացնենք խորհրդարանին մեր ուսումնասիրությունների արդյունքը: Թուրքիան պատրաստ է լուծել այդ հարցը: Նա բացել է իր պետական արխիվները: Յուրաքանչյուրը կարող է գալ եւ ծանոթանալ դրանց:Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն միջազգային խաղաղությանը»: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում` Բայկալը հայտարարել է. «Հայկական կողմի մեղադրանքները ցեղասպանության վերաբերյալ սկսվել են 1975 թվականից եւ քաղաքական պատճառաբանվածություն ունեն: Դրանք գիտականորեն հիմնավորված չեն: «Ցեղասպանություն» բառը պետք է օգտագործել շատ զգուշորեն: Մենք կդիմենք բրիտանական խորհրդարանին` խնդրելով պարզաբանել «Կապույտ գրքի» հարցը: Կառավարությունը եւ ընդդիմությունը համագործակցում են այս հարցի լուծման ուղղությամբ»: Բայկալը կոչ է արել հայերին բացել իրենց պետական արխիվները: Այն հարցին, թե ինչեւ՞ թուրքական հանձնաժողովը պլանավորում է դիմել բրիտանական խորհրդարանին եւ ոչ թե ուղղակի քննարկում է հարցը հայերի հետ, Էրդողանը պատասխանել է. «Մենք կհանդիպենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ»: ԺՀԿ նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հերքել «Կապույտ գրքում» արված պնդումները` գրված պատմաբան Առնոլդ Թոյնբիի եւ դիվանագետ Ջեյմս Բրիսի կողմից (գրքի անվանումն է «1915-1916 թ.թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքը»):