«Առավոտ»-ի թղթակիցը զրուցել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ և նրանից հետաքրքրվել է՝ Դուք նման մտավախություններ ունե՞ք, որ գուցե սխալ է ՀԱԿ-ի՝ վերջերս որդեգրած քաղաքական կուրսը ԲՀԿ-ի հետ հարաբերությունների առումով: Իգիթյանը պատասխանել է. «Ճիշտն աած՝ ես չեմ պատկերացնում ԲՀԿ-ի քաղաքական գաղափարախոսությունը: Ես չեմ հասկանում ԲՀԿ-ի տեղը այսօրվա իրավիճակում: Այստեղ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ քաղաքական դաշտը նենգափոխված է, բնական չէ, որ դու հասկանաս:
Սուբյեկտիվ պատճառն այն է, որ դա մի մարդու կուսակցություն է, որը բիզնեսմեն է: Իսկ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ դժվար է, և բիզնեսմենը պետք է լավ հարաբերություններ ունենա իշխանության հետ, թե չէ՝ ինքը մի օրում կկորցնի իր բիզնեսը:
Այնպես որ՝ այս վիճակում գնահատականներ տալ՝ արդյոք դա ընդդիմությո՞ւն է, արդյոք նրանք ինչ-որ նպատակներ ունեն իշխանության գալու, թե՝ այս իշխանությունը տապալելու՝ ես այս հարցի պատասխանը չգիտեմ և չեմ տեսնում քայլեր նույնիսկ:
Իսկ ՀԱԿ-ի հիմնական բանաձևն ուղղված է այս իշխանությունների վերացմանը: Խոսքը ԲՀԿ-ի մասին չէ, խոսքը ՀՀԿ-ի կլանի մասին է: ՀԱԿ-ը արդեն 4-5 տարի է՝ պաքարում է հենց այս կլանի դեմ: Ես չգիտեմ՝ արդյոք ԲՀԿ-ն կարո՞ղ է միանալ այս պայքարին խիստ ձևով, ոչ թե հայտարարելով, թե՝ մենք կոնստրուկտիվ ընդդիմություն ենք և առաջարկում ենք այսինչ օրենքում ստորակետը այս բառից հետո փոխել այս բառից առաջ: Այլ քայլերով պաքարել՝ Հայաստանում թեկուզ թավշյա, բայց իշխանափոխություն անելու»:





