AM
16 Մարտ 2005 - 04:33 AMT

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՅԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ ՄԻ ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ, ՈՐԸ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

«Անցյալ դարի մեծ մասը հայերը ապրել են մի ռեժիմի օրոք, որը գոյատեւում էր միայն մարդու իրավունքների լիակատար բացակայության հաշվին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Ժնեւմ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Դրան նախորդող շրջանում մենք տխուր պատիվ ենք ունեցել լինելու անցյալ դարի առաջին Ցեղասպանության զոհերը, եւ անցյալ դարավերջին մենք դեռեւս շարունակում էինք պայքարել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար»,-նշել է նա: «Ազատության, հավասարության եւ եղբայրության գաղափարները Օսմանյան Թուրքիայում ազգային փոքրամասնություն կազմող հայերի համար մահապատժի պատճառ դարձան: Այդ ողբերգությունը վերապրած մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, ակնկալում են, որ այդ սկզբունքների ճանաչումը կհանգեցնի համաշխարհային հանրությանը այն բանի գիտակցմանն, որ հայերի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Մեկնաբանելով թուրքական կողմի կոչերը պատմական բանավեճ սկսելու վերաբերյալ` նախարարը հաստատել է երկխոսություն վարելու Հայաստանի պատրաստակամությունը: «Սակայն եկեք չշփոթենք երկու դիրքորոշում: Մեկը բանավեճ է պատմության մասին, մյուսը` քաղաքական քննարկումներ: Թուրքական կողմի կոչերը պատմական բանավեճ սկսելու վերաբերյալ ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակ շահելու միջոց»,-ընդգծել է նախարարը: