Հոկտեմբերին հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր կլինի: Նման կանխատեսումների մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Արարատյան դաշտում հոկտեմբերի առաջին 10-օրյակում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում ստվերում մինչև 28-29 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` մինչև +22, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում` մինչև +20 աստիճան: Հոկտեմբերի երկրորդ և երրորդ 10-օրյակներում կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում գիշերային ժամերին Արարատյան դաշտում` մինչև 2-ից 6, լեռնային շրջաններում` մինչև 2-5 ցուրտ, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում` մինչև 2-7 աստիճան տաքություն»,- հաղորդեց նա:
Անդրադառնալով հոկտեմբերին սպասվող տեղումներին` օդերևութաբանը նշեց, որ հոկտեմբերը հանրապետությունում մայիսից հետո ամենախոնավ ամիսն է: «Տեղումները սպասվում են նորմայի սահմաններում` Արարատյան դաշտում մինչև 25-30 մմ, լեռնային շրջաններում` մինչև 60-70 մմ»,- հայտնեց Սուրենյանը:
Օդրևութաբանը տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս Հայպետհիդրոմետը մագնիսական փոթորիկներ չի կանխատեսում` նշելով, որ գեոմագնիսական դաշտը կայուն է և մոտակա շաբաթվա ընթացքում անոմալիաներ չեն կանխատեսվում: Ամփոփելով սեպտեմբեր ամսվա եղանակը` Գագիկ Սուրենյանն ասաց, որ սեպտեմբերը բավական բարենպաստ էր հանրապետության տարածքի համար: «Օդի ջերմաստիճանը գրեթե նորմայի սահմաններում էր, վտանգավոր օդերևութաբանական երևույթներ չեն գրանցվել, տեղումները նույնպես նորմայի սահմաններում էին»,- նշեց նա:





