AM
25 Սեպտեմբեր 2012 - 11:21 AMT

Բնապահպանները Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից պահանջում են չհամագործակցել ՎՏԲ բանկի հետ

ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր մասնաշենքի մոտ այսօր «Բնախեղդ ՎՏԲ», «Գլոբալ էկոլագիական հիմնադրամը միայն հանուն բնության պահպանության, այլ ոչ թե Թեղուտի սպանդի », «Թեղուտը հանրային ունեցվածք է», «GEF don’t make a mistake» պաստառներով տասնյակ բնապահպաններ էին հավաքվել:

Բանն այն է, որ այսօր Հայաստանում իր աշխատանքներն է սկսել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, որը պատրաստվում է ՎՏԲ բանկի հետ համատեղ ծրագիր իրականացնել, գործընկերների ցուցակը դեռևս հաստատված չէ:

Ակցիայի կազմակերպիչներից, բնապահապան Աննա Շահնազարյանը նշում է, որ ակցիայի նպատակն է ցույց տալ ԳԷՀ-ին, որ ՎՏԲ բանկը Վալեքս գրուպի հանցակիցն է և բնապահպանության հետ որևէ կապ չունի և պետք է ԳԷՀ-ը հանի ՎՏԲ-ին հավաստագրման գործընթացից:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ այս պահին շարունակվում է Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի երկրների ընդլայնված հանդիպումը:

Բնապահպանները հյուրանոցի առջև նույնպես ներկայացրին իրենց պահանջները ԳԷՀ-ին` չհամագործակցել ՎՏԲ բանկի հետ: ԳԷՀ հանդիպմանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցող, Թեղուտի պաշտապանության խմբի անդամ Հասմիկ Էվոյանն էլ , ասաց, որ հանդիպամն մասնակիցները տեղեկացել են ակցիայի մասին. «Նրանք ասացին, որ ՎՏԲ բանկի հետ համագործակցության հարցը դեռևս հստակ որոշված չէ, այսօր այդ հարցերը նույնպես քննարկվելու են, այս ակցիան չի կարող անտեսվել և բնականաբար իր ազդեցությունը կունենա որոշումների կայացման գործընթացի վրա»: