AM
26 Սեպտեմբեր 2012 - 06:33 AMT

«Առավոտ».Գեղարքունիքի մարզպետը Լևոն Տեր-Պետրոսյանին. «Մկա ձուկ էլ կա, մկա կարտոֆիլ էլ կա»

«Առավոտ» թերթը գրում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր` «Պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, կարողանում էինք ձկով-բանով մի կերպ ձեր ընանիքները պահել»: Երբ վարդենիսցիներից մեկը նկատեց` «մկա ձուկ էլ չկա», Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատեց` «ճիշտ եք ասում` մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»:

«Երեկ թերթը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` տեղի՞ն են բողոքում բնակիչները, որ ձեր մոտ «մկա ձուկ չկա»: Մարզպետը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե այդ ժամանակ ինչ հանդիպում է եղել, և գյուղացիներն ինչից են բողոքել. «Իրականում այսօր ձկան պաշարը Սևանա լճում դա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ է բարձրացվել միայն, այլ բազմաթիվ անգամ է բարձրացվել, տարբեր տեսակի հանդիպումներ են եղել, նաև բնապահպանության նախարարի հետ: Իրականում դա մասնագիտական, գիտական խնդիր է: Կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղված է դրանով: Ես տեսնում եմ, որ բավականին ծրագրեր են իրականացվում պետության կողմից, և պետբյուջեյից գումարներ են հատկացվում ձկնաբուշության զարգացման ուղղությամբ: Բավական մեծ աշխատանքներ են կատարվել և շարունակվում են: Ոչ միայն ձկնաբուծության, այլև ընդհանուր առմամբ Սևանի խնդիրները լուծվում են: Ստեղծված է նախագահին կից Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով: Պարբերաբար հանձնաժողովը նիստեր է հրավիրում, Սևանի հետ կապված ցանկացած խնդիր քննարկվում և համապատասխան որոշումներ են կայացվում»:

Մարտունեցիների հետ իր հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդը նշել էր` «Իմ ժամանակ լավ էլ նորմալ գյուղատնտեսություն ունեինք, կարտոֆիլը 2 անգամ ավելի շատ բերք էր տալիս, լավ էլ ապրում էիք: Հետո ուրիշ բան եղավ: Հետո ի՞նչ արեցին, ընկանք պարտքերի տակ, եկան վերցրին, հողերը մեծացրին, տարան ձեր ապրանքն ուրիշին ծախեցին և ըտենց քյասիբացաք»: Գեղարքունիքի մարզպետը չհամաձայնեց ընդդիմության առաջնորդի նաև այս պնդման հետ, թե հիմա կարտոֆիլի պրոբլեմ կա: «Չէի ասի: Բերքի հետ կապված խնդիրներ չկան: Այս տարի բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլի պաշար կա մեր մարզում, և տարին նպաստավոր է եղել կարտոֆիլագործության առումով: Այսօր մենք բավականին մեծ պաշար ունենք: Կոնկրետ նախորդ տարի մենք շուրջ 200 հազար տոննա կորտոֆիլ ունեինք: Այս տարի դեռ բերքահավաքը նոր է սկսվել, առաջիկայում ամբողջությամբ կավարտենք` պարզ կլինի»: