AM
26 Սեպտեմբեր 2012 - 10:29 AMT

Տրանսպորտային հերթական «բարեփոխումը». «Ձեր կարասը թարս կողմի՞ց ա բացվում»

Հին հայկական մի անեկդոտ կա: Գյուղում հարսանիք է, ուտում-խմում, ուրախանում են: Հենց որ քավորի քեֆը մի քիչ լավանում է, որոշում է ասել իր հեղինակավոր խոսքը: Քավորը փորձում է օրիգինալ երևալ և խոսքն սկում է համեմատությամբ: «Սիրելի նորապսակներ, ամուսնությունը մի կարաս է, որի մեջ բարիքներ կան: Սկզբում այն լցված է մեղրով, որի տակ հալվա է, հալվայից հետո չիր, իհարկե, կարասի տակ նաև վատ բաներ կան», – կատակում է քավորը : «Պետք է խնայել բարիքները, հարգել միմյանց» …քավորը խոսքը չավարտած՝ փեսան սկսում է գոռալ.

-Քավոր, քավոր, մի րոպե,մենք ոնց որ կարասը թարս կողմից ենք բացել:

Ամեն անգամ քաղաքային իշխանությունների ու ոստիկանության ժամանակավոր ոգևորությունը տեսնելիս հիշում եմ այս անեկդոտը: Ընկերներ, դուք ամեն անգամ կարասը թարս կողմից եք բացում ու ամեն անգամ հետ եք գալիս այնտեղ, որտեղից սկսել էիք:

Անցած ամիս մի քանի կանգնած ուղևոր ընկան ջարդուխուրդ եղան, մենք էլ վրդովվեցինք , զանգեցինք, ասացիք, որ հարցը լուծեն: ՃՈ-ն ու քաղաքապետարանն էլ որոշեցին հարցը լուծել: Հիմա մտածում եմ՝ էս ինչ արեցինք, լավ չէր սուս մնայինք:

Այսօր ուղևորները մնացել են կանգառներում կանգնած, վարորդները ակտերի կտրոններն են բողոքողների դեմքին շպրտում, մեկն էլ ամբողջ ճանապարհին անընդհատ կրկնում էր, որ մտքներին թանկացնել կա,.«ի՞նչ մի անհավանական բան ա, մետրոն չթանկացրի՞ն, դիտմամբ են անում»:

Ստացվեց, որ եթե չկան կանգնած ուղևորներ ՝ կան մարդիկ, ովքեր ուշանում են ու կան տուգանված վարորդներ: Հիմա փորձենք ծանրութեթև անել եղածը: Հերթական անգամ փոխեցինք գումարելիների տեղերն ու վերջում նույն արդյունքը շալակած գնացինք:

Միակ լուծումը էլի մնում են չինական ավտոբուսները, որոնք մինչ օրս թանգարանային նմուշի կարգավիճակով են Երևանում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը բացատրեց. դրանք երթուղի հանելու համար իրենց 150 վարորդ է պետք: Կգտնեն վարորդներին, կաշխատացնեն ավտոբուսները, իսկ քանի վարորդներ չկան, պետք է համբերել:

Իսկ վարորդներն ի՞նչ են ասում:

-Չենք քշի: Ոչ հանուն կոլխոզի, ոչ էլ՝ քաղաքպետարանի: -Սրա («Գազելի») 15 հազարի տակից շատ ենք կարում դուրս գանք, մնում ա նրա 50-ը:

Այ քեզ բան: Պարզվում է ՝ավտուբուսների «պլանն» Էլ 50 հազար դրամ է:

Հ.Գ Մեր «Գազելներից» մեկի ամենաչխոսկան վարորդը էսօր ակտի կտրոնները, գազի 6 հազարի կտրոնը հանեց , իջավ երթուղայինից, ցույց տվեց կանգառում կանգնած մարդկանց, ովքեր գազելի հետևից գոռում էին, որ իրենց կանգնած գնալը ձեռնտու է, ու ասաց.

-Կքշե՞ք սենց, դե եկեք քշեք: