ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից:
Նախարարությունից տեղեկացնում են նաև , որ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Հիլիարդին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Նշելով, որ ՄԶԳ -ն ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից է` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ տարածքային կառավարման և ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին` հույս հայտնելով, որ այդ ուղղությունը կշարունակի մնալ ՄԶԳ օրակարգում: Նա տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրներն առաջնային են կառավարության համար:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» ընթացքից, ինչպես նաև յուրահատուկ համարեց ՄԶԳ ծրագրերը, որոնք գլոբալ խնդիրներին զուգահեռ`նաև գործնական հարցերի լուծման բաղադրիչ են ներառում:
Քարեն Հիլիարդն իր հերթին արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Նա նշեց, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ բացի «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրից, ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:
Կողմերն անդրադարձան նաև վերջին ՏԻՄ ընտրություններին: Փոխվարչապետը նշեց, որ դրանք անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում, գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այս տարի 697 համայնքում անցկացված ղեկավարի ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը: Նա հյուրի խնդրանքով նաև մանրամասներ ներկայացրեց առաջիկա տարիներին ՏԻ ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին:





