Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին և Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի և նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գևորգյանը:
Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ ներդրումներ կատարելու համար: Զաքարյանը հույս հայտնեց, որ հիմնադրամը կհամագործակցի նաև իր ղեկավարած հանձնաժողովի հետ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի նախագահը նկատեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեր երկրի համար կարևորագույն քաղաքական նշանակություն ունեցող հարց է:
Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիմնադրամի գործունեությանը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին և Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար:
Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել և ելույթ ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ» թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը: Քննարկվեցին հիմնադրամի և հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս:





