AM
27 Սեպտեմբեր 2012 - 05:43 AMT

«Հայկական ժամանակ». Կենտրոնական բանկի նախագահը, «Ջերմուկ գրուպի» տնօրենն ու մնացածը. Տուգանված էլիտան

«Հայկական ժամանակ»-ը սեպտեմբերի 22-ի համարում հայտնել էր, որ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի օրը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական ընդունելությանը մասնակցող իշխանական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների ավտոմեքենաներից բացակայում էին տեխզննման և ԱՊՊԱ կտրոնները, նաև հրապարակել էր դրանց լուսանկարները: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ նշված մեքենաների տերերն արդեն տուգանվել են:

Հրապարակած լուսանկարներում պատկերված մեքենաներից մեկը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանինն է, մյուսը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինը, երրորդը՝ «Ջերմուկ գրուպի» տնօրեն Աշոտ Արսենյանինը, մնացած հինգ մեքենաները, ինչպես տեղեկացրեց Ահարոնյանը, ԱԺ պատգամավորների մեքենաներ են: Հինգ պատգամավորների անունները երեկ այդպես էլ պարզել չհաջողվեց: Թերթը նշում է, որ մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոնի բացակայության համար նախատեսվում է 10 հազար, իսկ տեխզննման կտրոնի բացակայության համար՝ 50 հազար դրամ տուգանք: