AM
27 Սեպտեմբեր 2012 - 10:33 AMT

Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը մերժվել է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 26-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ կայացած դատական նիստում Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը մերժվել է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը, մերժման փաստաթուղթը կուղարկվի 5 օրվա ընթացքում: «Դրանից հետո մեզ կտրվի 15 օր, որպեսզի դիմենք Վճռաբեկ դատարան, և մենք անպայման դիմելու ենք»,- նշեց փաստաբանը:

Սիվիլիթաս հիմնադրամը պահանջում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստին մասնակցում էր Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումներով մերժվել էին Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Փաստաբանի խոսքով` այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները: