AM
21 Մարտ 2005 - 04:00 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձներ են փոխանակել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա բացման կապակցությամբ: Վ.Պուտինի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «Ռուսաստանը մշտապես կարեւորել է բարեկամական կապերի հետեւողական ամրապնդումը Հայաստանի` իր հուսալի դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ հետ»: «Համոզված եմ, որ Ռուսաստանի տարվա անցկացումը կնպաստի երկու երկրների հետագա մերձեցմանը, մեր երկու ժողովրդների միջեւ բարեկամության զարգացմանն ու ուղղակի երկխոսությանը»,-նշել է ՌԴ ղեկավարը իր ուղերձում: Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի ուղերձում, իր հերթին, ասվում է, որ «2005 թվականը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարի հայտարարելու մասին որոշումը լայն հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական կապերի հետագա ընդլայնման համար: «Այս նախաձեռնությունն անկասկած կնպաստի մեր երկու եղբայրական ժողովրդների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ներուժի լիարժեք օգտագործմանը»,-նշել է Ռ.Քոչարյանը: