Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրապետության նախագահը հանձնարարել է զեկույցներում ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման առարկա դարձնել և նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի` ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը` կապված տարածքային ընդդատության հետ, ինչպես նաև նույն դատարանի դատավորների միջև գործերի ոչ համաչափ բաշխվածությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել նախորդ խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման կապակցությամբ տրված հանձնարարականների կատարմանը և դատարանների բնականոն գործունեության ապահովման առումով դրանց կարևորությանը:
«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են և աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն և հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել, և դրանք շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա:





