Սեպտեմբերի 23-27–ը, Հայաստանի պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և ԱՊՀ վարչության կովկասյան բաժնի պետ Տարոն Շագոյանը եղան Հյուսիսային Օսեթիայի հանրապետությունում, մասնակցեցին Ալանիայի Հանրապետության նախագահ Թեյմուրազ Մամսուրովին` կառավարման և քաղաքականության «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի հուշամեդալով պարգևատրման արարողությանը:
Ինչպես հայտնում է սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, ինստիտուտի ուսումնասիրության արդյունքներով` ՌԴ տարածաշրջան հանդիսացող Հյուսիսային Օսիայում ազգամիջյան հարաբերությունները գտնվում են առողջ հիմքերի վրա և հայերի նկատմամբ ազգային խտրականության դրսևորումներ չկան, ինչի համար սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության նախագահի պալատում հանդիսավոր պայմաններում Թեյմուրազ Մամսուրովին հանձնվեց «Ոսկի Մեդալ»: Պատվիրակության անդամները, այդ թվում ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, եղան Վլադիկավկազի հայկական եկեղեցում, հանդիպեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացան համայնքում հայապահպանությանն ուղղված ծրագրերին: Ներկաները գոհունակությամբ ընդունեցին նաև «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի կողմից Հյուսիսային Օսեթիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդան Մարկոսյանցին և Մոզդոկի նախկին քաղաքապետ Գեորգի Ադամովին ինստիտուտի պրոֆեսորի կոչում շնորհելու փաստը:
Վերադարձին Հայաստանի պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, որտեղ Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպում կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:





