ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլլարդին:
Ինչպես հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, նախարարը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ իրականացվում են ինչպես մի շարք ավանդական, այնպես էլ նոր ծրագրեր:
Նախարարը մասնավորապես կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած ազգային լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի առաջնահերթությունները, որպես հիմնական խնդիր նշելով աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Ք. Հիլլարդը, ընդգծելով, որ Հայասատանն ունի կրթված բնակչություն, պատրաստակամություն է հայտնել աշխատաշուկայի զարգացմանն աջակցելու հարցում համագործակցել ՀՀ ԿԳՆ-ի հետ :
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:





