AM
28 Սեպտեմբեր 2012 - 15:31 AMT

Շահագործման է հանձնվել Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների քաղաքային աղբավայրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ալավերդիում ներկա գտնվեց կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրի շահագործման արարողությանը:

Ինչպես հայտնում է ՏԿՆ լրատվական ծառայությունը, աղբավայրը կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում`4,6 հա տարածքի վրա: Շինարարական աշխատանքներն սկսվել էին անցած տարի նոյեմբերին: Ծրագրի ընդհանուր արժեքը 151,4 մլն դրամ է, որից 61,4 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով, 90 մլն դրամը` Ալավերդու համայնքային բյուջեից: Այդ նպատակին են ուղղվել հիմնականում համայնքային բյուջե մուտքագրված բնապահպանական վճարները: Աղբավայրը տարեկան շուրջ 3500-3800 խմ աղբի կուտակման հնարավորություն ունի, նախնական հաշվարկներով այն կարող է քաղաքին ծառայել մի քանի տասնամյակ: Աղբավայրը կառուցելիս պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, կատարվել է նաեւ բնապահպանական փորձաքննություն:

Փոխվարչապետը եղավ նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնում, ծանոթացավ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում:

Զեկուցվեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին եւ ծրագրվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին:

Նախատեսվում է նաեւ մասնաշենքի վերազինում:

Ալավերդուց փոխվարչապետը մեկնեց Սանահին, այստեղ եւս ծանոթացավ վանքի վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Կառավարությունն այդ նպատակով հատկացրել էր 18 մլն դոլար, ներկայումս կատարվում են վանքի տանիքի նորոգման աշխատանքներ:

Այցի շրջանակում փոխվարչապետն այցելեց նաեւ Դիլիջան, եղավ միջազգային դպրոցի շինհրապարակում: Պատասխանատուների հետ քննարկվեցին շինարարական աշխատանքների կազմակերպման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման հետ կապված հարցեր: