AM
28 Սեպտեմբեր 2012 - 15:44 AMT

Նարիա Զոհրաբյան. Կարևոր է, որ Բելառուսը ներգրավված լինի Եվրանեսթի վեհաժողովում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Ինչպես հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը, Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ափսոսանք հայտնեց, որ չնայած ԱՊՀ միջխորհրդարանական առաքելության տված դրական զեկույցին, ԵԱՀԿ-ն կրկին բացասական գնահատական է տվել Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` շատ կարեւոր է, որ Բելառուսը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում:

Կողմերը քննարկեցին նաեւ վերջին շրջանում եվրոպական կառույցների կողմից կիրառվող երկակի ստանդարտների խնդիրը:

Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, որ նույն եվրոպական հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցող խայտառակ հակաժողովրդավարական գործընթացների եւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների` օրեցօր աճող թվի վրա` կիրառելով երկակի ստանդարտներ Արեւելյան գործընկերության անդամ տարբեր երկրների հանդեպ:

Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը, որ Բելառուսը հնարավորինս ակտիվորեն ներգրավվի համաեվրոպական գործընթացներում:

Կարեւորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:

Նարիա Զոհրաբյան. Կարևոր է, որ Բելառուսը ներգրավված լինի Եվրանեսթի վեհաժողովում