AM
29 Սեպտեմբեր 2012 - 13:30 AMT

2011 թ-ին բնակարանային շինարարության համար բյուջեից տրամադրվել է 25.8 մլրդ դրամ

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:

Քաղաքաշինության նախարարության ծախսերը կազմել են 38,47 մլրդ դրամ, իսկ պետական պահուստային ֆոնդից տրամադրվել է 548 մլն դրամ: Իրականացվել է 23 ծրագիր:

Բնակարանային շինարարությանը տրամադրվել է շուրջ 25.8 մլրդ դրամ` ամբողջությամբ կատարելով ծրագիրը: 2010 թվականի համեմատ ծախսերն աճել են 2.2%-ով կամ 550.4 մլն դրամով: Ծրագրի շրջանակներում կատարվել են Գյումրիում 1200 բնակարանների կառուցման, Անի թաղամասում տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում 182 բնակարանների և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 354 բնակարանների շինարարության աշխատանքները:

Տրանսպորտի բնագավառում ծախսերը կազմել են 30.4 մլրդ դրամ` ապահովելով 61.4% ծրագրի կատարում: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:

Ճանապարհային տրանսպորտի ծախսերը կազմել են 24.6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրվածի 64%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 11 ծրագրեր:

Կապի ոլորտում ծախսերը ֆինանսավորվել են 400.9 մլն դրամի չափով, ինչը 2010 թվականի համեմատ գրեթե չի փոփոխվել:

Պետական պահուստային ֆոնդերից լրացուցիչ տրամադրվել է 1,156 մլրդ դրամ:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովները շաբաթվա ընթացքում հրավիրած նիստերում (յուրաքանչյուրն իրեն վերապահված ոլորտների մասով), հավանություն էին տվել «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներն ամփոփվելուց հետո` սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես հավանություն տվեց բյուջեի տարեկան հաշվետվությանը` առաջարկելով այն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: