Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը մեկնաբանել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Իրան: Թերթի տարածած հաղորդագրության մեջ նշված է հետևյալը.
«ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Իրան: Իհարկե իրանահայ համայնքը, համայնքի տասնյակ մարզամշակութային հաստատությունները, թեհրանահայության բնակչության գրեթե կեսը տեղավորող Սասուն քաղաքամասի հայությունը, համայքում տպագրվող թերթերը դեռևս լուր չունեն նախարարի այցի մասին: Այլ, ինչպես յուրաքանչուր սփյուռքահայ, այդ մասին տեղեկանում են լրատվական կայքերից: Պրպտումներից հետո, տեղեկանում ենք, որ իսկապես նախարարը ժամանել է Իրան, այցելել է ՀՀ դեսպանություն, երկժամյա հյուրասիրության է մասնակցել ՀՅԴ կենտրոնում և հուշանվերներ ու մեդալներ բաժնել հյուրնկալողների ակնառու դեմքերին:
Ի լուր հայության, ու նաև սփյուռքի նախարարին տեղեկացնենք, որ Իրանում բացի ՀՅԴ օրաթերթ «Ալիք»-ից տպագրվում են 4 այլ թերթեր, որոնցից ոմանք ունեն ավելի քան քարորդ դարի պատմություն: Բազմաթիվ դպրոցներ, հայահոծ թաղամասերում աշխատում են հայկական միություններ: Եթե սփյուռքի նախարարի այցելության նպատակը իր նախասիրություններով պաշտոնական հանդիպումներ կատարելն է, նա այդ առաքելությունը կարող է թողնել ՀՀ արտգործնախարարությանը, առանց խանգարելու կամ խաչաձևելու այդ նախարարության գործունեությանը, այլապես հարգելի նախարարի հանդիպած մարդիկ սփյուռքահայերը չեն, և սփյուռքահայերը ամենևին մեդալներ և հուշանվերներ ստանալու կարոտախտից չեն տառապում:
Տիկին նախարարի կողմից Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում կամ կուսակցական ակումբներում մեդալաբաշխությունը, մեզ հիշեցնում են Հակոբ Պարոնյանի երգիծականները և երջանկահիշատալ Վարդգես Պետրոսյանի Սփյուռք այցելությունից հետո գրի առած «Հայկական Էսկիզներ»-ը:
Սփուռքը պահանջում է հայրենանվեր ջերմ շունչ, ոգի, օրինակելի գործիչներ, հայրենադարձության հրավեր և ոչ թե հերթական ձանձրալի հուշանկարներ ու հուշանվերներ»:





