AM
1 Հոկտեմբեր 2012 - 07:38 AMT

Պիկետ Ազգային ժողովի դիմաց. «Սիվիլիթաս. Սա քո ազատ խոսքի հարթակն է, պաշտպանիր դրա անձեռնմխելիությունը»

Այս պահին Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել Սիվիլիթաս հիմնադրամի բազմաթիվ աշխատակիցներ և այլ քաղաքացիներ, ովքեր պատգամավորներից պահանջում են ԱԺ այսօրվա նիստում դեմ արտահայտվել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը՝ ըստ որի ԱԺ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պետք է զրկվի անձեռնմխելիությունից և ներգրավվի քրեկան գործում որպես մեղադրյալ: Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները իրենց հետ բերել են «Իմ պատգամավորը չի ոտնահարի ազատ խոսքի իրավունքը», «Սիվիլիթաս.Սա քո ազատ խոսքի հարթակն է, պաշտպանիր դրա նաձեռնմխելիությունը», «Ժողովուրդը Ծառուկյանի հետ է» գրությամբ պաստառներ:Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը սպառնում է Սիվիլիթասի գործունեությանը:

Նշենք, որ քիչ անց սկսվելու է ԱԺ նիստը, որտեղ պետք է քննարկվի Գլխավոր դատախազի Աղվան Հովսեփյանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել:

Իսկ սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: