Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ևս իր աջակցությունն է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Թանկյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի 2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի մոջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ:
Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական գործ Հայաստանի համար:
Այն չափազանց կարևոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության և պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ:
Հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք այս կամ այն օտար երկրի լծի տակ: Եվ չնայած որպես պետություն մենք ունենք հավատարիմներ ու դաշնակիցներ և որպես ազգ՝ աջակցության կարիք, սակայն մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը չպետք է զոհաբերվեն Արևմուտքից (գլխավորապես՝ ԱՄՆ-ից) կամ Ռուսաստանից եկող ազդեցություններին:
Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը և մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը»:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել:
Իսկ սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:





