AM
1 Հոկտեմբեր 2012 - 08:25 AMT

Գյումրիի անօթևանների վագոն-տնակները վաղուց քայքայվել են

Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է այցելությունները տնակայան ավաններ: Կազմակերպությունը այցելել է անօթևանների հերթացուցակից դուրս մնացած ևս մի ընտանիքի:

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի տնակում բնակվող ընտանիքի մասին է: Տեղական իշխանությունն այս մարդկանց բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում չի հաշվառել, որովհետև նրանք երկրաշարժի պահին ապրել են վարձով: Չնայած նրանք 1988-ին հանդիսացել են կոոպերատիվ հիմունքներով կառուցվող մի շենքի ապագա բնակիչներ, սակայն այդ կիսակառույց շենքը ևս երկրաշարժի հետևանքով փլվել է: