AM
1 Հոկտեմբեր 2012 - 09:37 AMT

Հայտնի է Նանսենի Փախստականների մրցանակի այս տարվա դափնեկիրը

ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարը հայտնել է Նանսենի փախստականների այս տարվա մրցանակակրի անունը: Նա Հավա Ադեն Մոհամեդն է՝ Սոմալիից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՄԱԿ ՓԳՀ գրասենյակից:

Մրցանակակիրը հանուն խաղաղության և զարգացման Գալքայոյի կրթական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն է, որը գտնվում է հյուսիս – արևելյան Սոմալիում, Փունտլանդում: Մրցանակը տրվել է նրան Սոմալիից բռնի տեղահանված և փախստական դարձած աղջիկների ու կանանց հետ նրա բացառիկ մարդասիրական աշխատանքի համար:

ՄԱԿ – ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեսն ասել է. «Մենք պատվում ենք Հավա Ադեն Մոհամեդին տարբեր բռնությունների զոհ դառձածների հարյուրավոր կանանց ու աղջիկների փրկելու, դաստիարակելու և կրթելու համար»:

Նշենք, որ 1954թ.-ին ՄԱԿ ՓԳՀ-ն սահմանեց Նանսենի փախստականների մրցանակը` խթանելու համար փախստականների հանդեպ համաշխարհային հետաքրքրությունը և շարունակելու Ֆրիտյոֆ Նանսենի գործը, ով փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատարն էր Ազգերի լիգայում: Մինչ օրս, Նանսենի Փախստականների հանձնաժողովը պարգևատրել է շուրջ 68 անհատների, խմբերի և կազմակերպությունների: