AM
1 Հոկտեմբեր 2012 - 11:06 AMT

Գերմանիայի խորհրդարանը կարևորում է հայ գործընկերների հետ ուղիղ շփումների ակտիվացումը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարևորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարևորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը մեծապես շահագրգիռ է խորացնել և ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նա կարևոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձևավորվեն:

Երկևստեք կարևորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը և դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: