AM
1 Հոկտեմբեր 2012 - 11:29 AMT

Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաջողություն մաղթելով գիրատշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամությունն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը:

«Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երևանը առավել հետաքրքիր և հարմարավետ դարձնել զբոսաշրջիկների համար: Աջակցելով գիտարշավին՝ պատրաստ ենք նաև համագործակցել և նոր ու հետաքրքիր մտահղացումներ և համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել: Ողջունում եմ բուհի մեծ առաքելությունը՝ տուրիզմը որպես գիտություն զարգացնելու և բարձրակարգ կադրեր պատրաստելու հարցում, ինչը համահունչ է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային հայեցակարգին»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Սահակյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ և որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ: Ռեկտորը հավելել է նաև, որ Երևանը ակնհայտ բարեփոխվել է և տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները: Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսևը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև գիտարշավի նախաձեռնության աջակիցը լինելու համար և լիազորված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

ՌՏՄԱ-ի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության Զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Ս. Պ. Շպիլկոյի շնորհակալական ուղերձը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին: