67 տարեկանում մահացել է ակադեմիկոս Կառլոս Պետրոսյանը: Պետրոսյանը ինժեներական ներդրում է արել Հայաստանում գունավոր հեռուստատեսության, Երևանի մետրոյի, կառուցվող հարյուրավոր տնտեսական օբյեկտների կազմավերմանը: Նա «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր:
Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը առաջին օրերից և իր ձեռնարկությունում գլխավորել է զենքի արտադրությունը: Պետրոսյանը սերտ կապերի մեջ է եղել Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի հետ:
Նա հանդիսանում է մի քանի տասնյակ գյուտերի և ինժեներական մշակումների հեղինակ: Ընտրված է որպես Ակադեմիայի նախագահության անդամ:
Պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ կոնդակով արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Պարգևատրվել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Կառլոս Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 1-ին ժամը 17:00 Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում: Հուղարկավորությոնը` հոկտեմբերի 2-ին ժամը 14:00:





