AM
1 Հոկտեմբեր 2012 - 12:09 AMT

Վոլֆգանգ Թիրզեն կարևորում է GIZ-ի և հայկական կողմի միջև համատեղ ծրագրերի իրականացումը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ոջունելով հյուրերին` Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը գերմանական կողմի հետ համագործակցության երկար և արդյունավետ պատմություն ունի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանում հանձնաժողովը Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) կազմակերպության հետ իրականացրել է ծրագիր, որը նպատակ ուներ օժանդակելու Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը` ծրագրային բյուջետավորման հիմնադրման առումով: Նշվեց, որ այդ ծրագրային բյուջետավորման համակարգով են ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Ըստ Գագիկ Մինասյանի` մինչև տարվա վերջ նախատեսվում է ընդունել օրենք` ըստ որի բոլոր պետական բյուջեները կներկայացվեն այդ համակարգով: Տեղեկացվեց, որ GIZ-ի հետ նախաձեռնվել է մի նոր ծրագիր, որն արդեն դրական եզրակացություն է ստացել գերմանական BMZ կառույցի կողմից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հոկտեմբերին հանձնաժողովը և GIZ-ի երևանյան գրասենյակը համատեղ կստորագրեն հուշագիր, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել բյուջետային գրասենյակ և վերահսկողություն իրականացնել պետական բյուջեի կատարողականի և ներգրավված վարկային միջոցների նկատմամբ: Գագիկ Միանսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի և դա ևս մի քար կլինի այն կառույցի պատին, որը կոչվում է հայ-գերմանական բարեկամություն:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորեց GIZ-ի և հայկական կողմի միջև համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը: Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային խնդիրներին: Նա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը գրեթե անփոփոխ է: «և Արևելյան գործընկերության և Նոր հարևանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ռեադմիսիայի և մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասաց Արտակ Զաքարյանը: Նշվեց, որ ՀՀ նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը մեր միջազգային գործընկերները միշտ էլ բարձր են գնահատում: Այն ուղղված է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղության ամրապնդմանը: «Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանն է մեր բազմաթիվ հիմնախնդիրներով հագեցած տարածաշրջանի խաղաղության պահպանման հիմնական երաշխիքը` իր հավասարակշռված և նուրբ բազմավեկտոր քաղաքականությամբ»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և այս երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային բոլոր հայտնի նորմերին և սկզբունքներին, այնպես էլ բարոյական չափանիշներին, և զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին: Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց նամակով դիմել է այլ խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով հարցի վերաբերյալ մեր խորհրդարանի մոտեցումը: Արտակ Զաքարյանի կարծիքով` կարևոր է, որ Գերմանիայի խորհրդարանը նույնպես անդրադառնա այս հարցին: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: