Շուրջ 600 զինծառայողներ և մոտ 100 միավոր ռազմական տեխնիկա է մասնակցում այսօր մեկնարկած ռուսական 102-րդ ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների երկկողմ մարտավարական զորավարժություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայության պետ գնդապետ Իգոր Գորբուլը հայտնել է, որ զորավարժությունների ժամանակ կգնահատվի ստորաբաժանումների պատրաստականությունը մարտավարական գործողություոններին, ինչպես նաև արագ փոփոխվող մարտական պայմաններում ենթականերին կառավարելու հրամանատարների ունակությունները:
«Զինծառայողները պետք է ցուցադրեն իրենց հմտություններն ու կարողությունները կրակակետերի ընտրության ու գրավման, կառուցման ու լեռնային պայմաններին հարմարեցման, ականային և պայթուցիկ պատնեշների հաղթահարման, տակտիկական գործողություններ վարելու ունակությունները: Նրանք գործելու են հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների կիրառման պայմաններում»,-ասել է Գորբուլը:
Գնդապետ Գորբուլը նշել է նաև, որ խնդիրների կատարման ընթացքում առանձնակի ուշադրություն կդարձվի անձնակազմի հոգեբանական պատրաստությանը:
Գորբուլը տեղեկացրել է, որ ըստ մարտական նախապատրաստության պլանի, ամռանը 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների հետ անց են կացվել մոտ 50 տակտիկական զորավարժություններ, որից կեսը մարտական հրաձգությամբ, այդ թվում գիշերային ժամերին:





