«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հիշեցրել է պատգամավորներին, որ մարդուն հեշտ է փնովելը, իսկ հետո կեղտից մաքրվերը՝ դժվար: Ելույթ ունենալով ՀՀ Աժ-ում ընթացող քննարկումներում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Արսնեյանը մեջբերել է ամերիկյան մի հեղինակի խոսքերն այն մասին, որ «հայրենասիրությունը դա սեփական իշխանություններից հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունն է»:
Արսենյանն անդրադարձել է նաև ոմանց արծարծած «դավադրությունների տեսությանը»՝ առ այն, որ «Սիվիլիթասի» փողերը նախատեսված են իշխանափոխության համար: Նա հեգնանքով նշել է, որ եթե այդ սցենարը գաղտնազերծված է, ուրեմն «կոտրեք մեզ», առավել հեռատես քաղաքականություն վարեք՝ չզրկելով Օսկանյանին անձեռնմխելիությունից:
Արսենյանը նաև կոչ է արել քաղաքական մեծամասնությանը ճիշտ ընտրություն կատարել: Նա հիշեցրել է հին խորհրդային մի անեկդոտ թեկնածուական թեզի պաշտպանության մասին, երբ գիտխորհրդում բոլորը դեմ են քվեարկում, մեկից բացի, իսկ հետո բոլորը մոտենում են ասպիրանտին, ու ասում, որ «կողմ» տված ձայնն իրենցն էր:
Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:





