AM
2 Հոկտեմբեր 2012 - 09:57 AMT

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում հավաքվել է 121 200 դրամ և €500

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում հավաքվել է 121 200 դրամ և €500: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, «Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Մանուկյանը: «Իհարկե, մենք ավելի մեծ գումար էինք ակնկալում հավաքել` հաշվի առնելով բազմաթիվ օտարերկրյա և տեղական գործարարների մասնակցությունը փառատոնին: Բայց և այնպես, շնորհակալ ենք արկղում հայտնված յուրաքանչյուր դրամի համար: Հուսով ենք` հետագայում նույնպես կկարողանանք նմանատիպ միջոցառումներ կազմակերպել` սիրիահայերին մեր աջակցությունը բազմապատկելու համար»,- նշեց նա` հավելելով, որ հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների աջակցությանը:

«Սիրիահայերի աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Անի Արզումանյանն իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց միջոցներ տրամադրած բոլոր անձանց: Նա նշեց, որ իրենք չունեն աջակցության կարիք ունեցող սիրիահայ ուսանողների ցուցակը, թեև ինքը հետաքրքրվել և առանձնացրել է 12 այդպիսի ուսանողների անուններ: «Այդ ուսանողների ցուցակը գումարի հետ միասին կհանձնվի ՀՀ սփյուռքի նախարարությանը, որն էլ կբաշխի միջոցներն իր մոտ հաշվառված կարիքավոր ուսանողների միջև»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ բուհերում ընդհանուր առմամբ շուրջ 200 ուսանող է սովորում, որոնց մի մասն է միայն վերջերս ժամանել:

Գումար հանգանակածներին իրենց շնորհակալության խոսքն ուղղեց նաև գործարար Ասատուր Հայրապետյանը, իսկ դիզայներ Գևորգ Շադոյանը, ում հավաքածուն ցուցադրվել էր փառատոնի փակման օրը, նշեց, որ հանգանակությունը մի քիչ ապերախտ գործ է. «Շատերը չվստահեցին հանգանակության բարի նպատակին` կարծելով, թե գումարը հավաքվում է սիրիահայերին օգնելու անվան տակ, բայց իրականում այլ նպատակով: Ինչևէ, սա սիրիահայերին աջակցելու կարևոր փորձ էր, և այդպիսի փորձեր դեռ շատ կլինեն»:

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-28 Երևանում` Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց ընկած տարածքում: