AM
2 Հոկտեմբեր 2012 - 10:02 AMT

Գիտակից ստրուկը հանցագործ է. կոչ Հանրապետական պատգամավորներին

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ովքեր քիչ անց պետք է իրենց քվեարկությամբ հավանություն տան Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությանը:

«Մի՛ ապացուցեք ևս մեկ անգամ, որ խամաճիկ եք: Խամաճիկներին կախահան հանելը շատ հեշտ է. պարաններն արդեն կան: Իմացե՛ք Նժդեհի խոսքերը՝ գիտակից ստրուկի և հանցագործի միջև տարբերություն չկա»,- ասված է կոչում:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել:

Իսկ սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: