AM
2 Հոկտեմբեր 2012 - 11:19 AMT

Արմեն Աշոտյան. 2013 թվականին հավաստագրման քննությունների պահանջները կխստացվեն

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը:

Ինչպես հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարվա համար սա հավաստագրման քննությունների վերջին փուլն է: Մինչ քննությունները հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին:

Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են: Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը: Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է: «Բոլոր դեպքերում, երկու տարվա արդյունքներն ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ այս եղանակն արդարացրել է իրեն՝ նպաստելով դպրոցի տնօրենների պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը»,- գնահատել է նախարարը և հավելել, որ գործընթացի մեկնարկից սկսած մինչ այս պահը մոտ 2000 հավակնորդ մասնակցել է հավաստագրման քննություններին, որոնց մեկ երրորդին չի հաջողվել հավաստագիր ստանալ:

Նախարարի խոսքով՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը: Ընթացիկ փուլում hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների թիվը նվազել է՝ հոկտեմբերի 2-ի քննությանն ընդամենը 20 մասնակից կար: Ըստ կրթության և գիտության նախարարի՝ պատճառն այն է, որ հանրապետության դպրոցների մեծ մասում տնօրենների մրցույթներն արդեն կայացել են, և թափուր տեղեր և հնարավոր մրցույթներ շատ քիչ կան:

Անդրադառնալով դպրոցական դրամահավաքի խնդրին՝ Ա. Աշոտյնաը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվել է աշխատանքային տետրերի և ուսումնաօժանադակ նյութերի վաճառքը: «Դպրոցին աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքների հարցում ծնողական խորհուրդները պետք է առավել աչալուրջ լինեն: Ծնողական խորհրդի որոշումը բոլոր ծնղների համար չի կարող պարտադիր լինել: Եթե ծնողը հրաժարվում է մասնակցել դրամահավաքին, ապա նա կամ նրա երեխան չի կարող դրա համար խարազանվել: Բոլոր տնօրեններն այս հարցում պետք է հետևողական լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգման: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ «Թեժ գծի» բողոքների ստուգման արդյունքում, եթե դրանք փաստարկված լինեն, ապա ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենները խստագույնս կպատժվեն, իսկ այլ դպրոցների պարագայում համապատասխան առաջարկություն կներկայացվի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին: