AM
2 Հոկտեմբեր 2012 - 11:55 AMT

Հայաստանը հանձնառու է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զորացմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին` շնորհավորելով Վուկ Երեմիչին Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մեր շնորհակալություններն եմ հայտնում նաև նախորդ նախագահ Նասեր Աբդուլազիզ Ալ-Նասերին:

Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը անգնահատելի հնարավորություն է ՄԱԿ-ի անդամ երկրներին միավորելու` մարդկության առջև ծառացած մարտահրավերները քննարկելու և ջանքերը միավորելու` դրանց արդյունավետ լուծումներ տալու և միջազգայնորեն համաձայնեցված նպատակներն իրակաություն դարձնելու համար: Բոլորս էլ գիտենք, որ, երբ որոշումները կայացվում են փոխադարձ ըմբռնման հիման վրա, դրանց հաջող իրականացումն ավելի խոստումնալից է դառնում:

Հայաստանը հանձնառու է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զորացմանը: Մենք սատարում ենք Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների գործընթացը և պատրաստ ենք մեր համապատասխան ներդրումն ունենալ: Վստահ ենք, որ բարեփոխումները հնարավորություն կտան բարձրացնելու ՄԱԿ-ի դերը աշխարհի առջև ծառացած վճռորոշ խնդիրների լուծման հարցում և հասնելու թե' Հազարամյակի զարգացման, և թե' Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: