ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին: «Ինչպես ելույթ ունեցողներից շատերը, ես նույնպես պետք է իմ մտահոգությունն արտահայտեմ Սիրիայում ընթացող զարգացումների և մարդասիրական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որն անմիջականորեն ազդում է նաև այդ երկրում ապրող մեծաթիվ հայ համայնքի վրա: Այս համայնքը հիմնականում ձևավորվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներից: Այսօր նրանք, ինչպես Սիրիայի շատ քաղաքացիներ, կյանքի համար պայքար են մղում: Հայաստանը շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել, ովքեր խիստ մտահոգված են երկրում սաստկացող բռնություններով: Անհնարին է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը, ասել է նախարարն իր ելույթում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





