AM
2 Հոկտեմբեր 2012 - 12:39 AMT

Օսկանյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին. Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու միջնորդության հաստատմանը: Ահա թե ինչ է նա գրել.

«Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ:

Այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: Բոլորդ հիշում եք այդ օրերին իմ և ԲՀԿ-ի քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշվի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրությունները՝ այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Բայց դա չստացվեց, որովհետև իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից:

Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ: