AM
2 Հոկտեմբեր 2012 - 13:42 AMT

Տ. Ուրիխանյան. Օսկանյանի գործով ԲՀԿ հետագա քայլերը կորոշվեն քաղխորհրդի և խմբակցության խորհրդակցություններում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը: «Այն, ինչ տեղի է ունեցել, կոնֆորմիստական երևույթ է: Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը փայլուն բնութագրում է տվել` հանձնաժողովի 7 անդամներից 4-ը չեն քվեարկել»,- նշել է նա:

«Հիմա բոլորիս մոտ պետք է արդիական հարց ծագի` մեզանից յուրաքանչյուրը պատասխան կտա արդյոք այն անարդարության համար, ինչ մենք արել ենք»,- հայտարարել է Ուրիխանյանը, հավելելով, որ նրա խոսքերը վերաբերվում են մարդկանց, ովքեր համապատասխան կերպով ցույց են տվել իրենց դիրքորոշումը:

6 պատգամավորների վերաբերյալ նրա կարծիքի մասին հարցին, ովքեր դեմ են քվեարկել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ԲՀԿ մամլո քարտուղարը պատասխանել է. «Ես իհարկե գնահատում եմ այս հարցի շուրջ այլընտրանքային դիրքորոշումը, բայց, ինձ թվում է, բոլորի համար պարզ է, որ քաղաքական մեծամասնության պայմաններում հակառակ նպատակին հասնելու ճանապարհն ընտրություններին չմասնակցելն էր: Այնպես որ եզրակացությունները թողնում եմ ձեզ և հասարակությանը»:

Ինչ վերաբերվում է կուսակցության հետագա քայլերին, ինչպես նաև մասնակցությանը խորհրդարանի աշխատանքին և ՀՀԿ հետ հարաբերություններին, ապա, Ուրիխանյանի խոսքով, դրանք կորոշվեն կուսակցության քաղխորհրդի և խմբակցության խորհրդակցություններում: Նա ընդամենը նշել է, որ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հստակ արտահայտվել է, որ խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի աշխատանքին այս քառօրյա նիստի ընթացքում:

Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ նստաշրջանին և այնտեղ Օսկանյանի հարցը բարձրացնելու Զոհրաբյանի մտադրությանը, ապա, Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ-ն մտադիր է օգտագործել ԵԽԽՎ-ն և միջազգային կառույցներ, որտեղ այդ և մյուս հարցերը քննարկման ներկայացնելն արդիական են կուսակցության համար: