AM
2 Հոկտեմբեր 2012 - 15:36 AMT

Քննարկում-բանավեճ. Կա արդյո՞ք Հայաստանում քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակությունը միֆ է, Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն:

Այսօր Կովկաս ինստիտուտում Հայաստանում զարգացող քաղաքացիական շարժումների մասին կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը:

«Ինձ պարզ չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակություն, երբ մարդկանց մի խումբ խոսում է ժողովրդի անունից»,-ասաց բլոգերը:

Ըստ նրա` Հայաստան գրանտները մսխելու համար են մտնում, որպես օրինակ, բլոգերը նշեց Գիորգի Վանյանի ֆինանսավորմանը. «Նրա ֆինանսավորումը ԱՄՆ դեսպանատան կողմից տարիների ընթացքում չի բերել Հայաստանում հանդուրժողականության տարածմանը, սա հակառակ ազդեցություն է ունեցել»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ բլոգերի հետ, նա կարծում է, որ, նայելով հետխորհրդային երկրեին, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը բավական զարգացած է. «Առհասարակ, մենք հետխորհրդային այն քիչ երկրներից ենք, որտեղ զարգացած է ու կա քաղաքացիական հասարակություն»:

Ըստ նրա` քաղաքացիական ակտիվության շնորհիվ Հայաստանում ձևավորվում է սոցիալական ըմբոստության նոր ձև, և այս դեպքում դա է կարևորը, այլ հարց է, որ դրա մեջ փողեր են գնում և այլն:

Սակայն, ըստ քաղաքագետի, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, ահռելի խնդիրներ ունի, որոնցից ամենակարևորն այն է, որ այն կենտրոնացված է Երևանում. «Ողջ ռեսուրսը, հասարակությունը, մարդիկ, ովքեր կարող են զբաղվել կամ զբաղվում են հասարական- քաղաքացիական ակտիվությամբ, կենտրոնացված են մի վայրում»:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը, բացատրելով քաղաքացիական շարժումների բնույթն ասաց, որ քաղաքացիական շորժումները խմբային հետաքրքրությունների պաշտպանելու դրսևորում են, ինչը կարող է ունենալ հանրային բողոքի տեսք. «Դրանք առաջ են գալիս այն ժամանակ, երբ պետական ինստիտուտները չեն կարողանում իրականացնել իրենց վրա դրված գործառույթուները»: