AM
3 Հոկտեմբեր 2012 - 05:29 AMT

«ՉԻ». Նախագահական ընտրություններին ընդառաջ. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սկսել են հավաքել քաղաքացիների անձնական տվյալները

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրում է. «Նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բուռն թափով շարունակվում են: Իսկ ինչպե՞ս է դա արվում ներկա պահին, ամենատարբեր կազմակերպություններ տարբեր պատճառներով ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հավաքում են: Կլինեն դրանք ինչ-որ բլանկներ լրացնելու տեսքով, թե այլ` կարևոր չէ. Կարևորն այն է, որ թղթի վրա գրվեն քաղաքացու անձնագրի համարը, բնակության հասցեն և ամենակարևորը` թեկուզ դատարկ մի բլանկի վրա նշեն, թե ո՞ր կուսակցությանն են նրանք առավել վստահում և հավատում: Իսկ բոլորովին վերջերս էլ ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ սկսել են ներխուժել տարբեր համայնքներ, ներկայացրել են ինչ-ինչ անհասկանալի անձնական թերթիկներ`խնդրելով դրանք լրացնել:

Այստեղ կարևորը ոչ թե այն է, որ ՀՀԿ-ական կամ ՕԵԿ-ական ակտիվիստները փորձում են ապացուցել, որ իրենք կուսակցական նվիրյայներ են ու պատրաստ են ցանկացած անձնազոհության այս կամ այն թիմի հետագա հաղթանակի համար, այլ այն, որ կուսակցական, մասնավորապես` ՀՀԿ-ի «դոզայի» տակ թաղի «ջահել-ջուհուլները» փորձում են ձևականի մեջ նկարել և ի ցույց դնել ՀՀԿ-ի շանսերն ու հնարավորությունները: Թեպետ Նոր Նորք համայնքում տեղի ունեցած նմանատիպ մի հանդիպման ժամանակ Նորքի ուս. ավանի բնակիչներից մեկը ներկայացված բլանկի դիմաց գրել է. «Ոչ մի կուսակցության ոչ հավատում եմ, ոչ փոխվում ու երևի այս տարիների ընթացքում միայն ՕԵԿ-ն է հավատացել ու ամբողջությամբ փոխվել: Հնից բան չի մնացել»: