Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այցի առաջին օրը Տիգրան Դավթյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը և արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: Նախարար Դավթյանն ընդգծեց Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական ընկերությունների գործունեությունը:
Նախարարը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանում արդեն ստեղծված և ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներին` նշելով, որ վերջիններիս առկայությունը առավել գրավիչ է դարձնելու Հայաստանը ներդրողների համար:
Տիգրան Դավթյանը նաև ներկայացրեց Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ և Հայաստանի միջև վարվող բանակցությունների ընթացքը` մատնանշելով վերջինիս ստորագրման կարևորությունը Հայաստանի համար: Նախարարը նշեց, որ տվյալ պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանը կհայտնվի տնտեսապես չափազանց շահեկան դիրքում` նկատի ունենալով ԱՊՀ երկրների հետ արդեն իսկ գործող նույնանման պայմանագրի առկայությունը:
Երկուստեք նշվեց, որ, թեև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը 2011թ. կտրվածքով աճել է շուրջ 40%-ով, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների կտրվածքով` գրեթե կրկնապատկվել, այնուամենայնիվ, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ, քանի որ երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունն ունի շատ ավելի մեծ ներուժ:
Որպես լուրջ խթան հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նախարար Դավթյանը շեշտեց Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականների աճը:
Այնուհետև, կողմերը քննարկեցին Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, քիմիական արդյունաբերության, շինանյութի արտադրության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր:





