AM
3 Հոկտեմբեր 2012 - 14:20 AMT

Հայ գործարարները մասնակցել են Georgia – Armenia Business Forum 2012 համաժողովին

Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում սեպտեմբերի 28-ին կայացավ Georgia – Armenia Business Forum 2012 համաժողովին: Այս միջոցառումը նախաձեռնել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Հայաստանում միջոցառման պաշտոնական կազմակերպիչն էր «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

Համաժողովին մասնակցում էին շուրջ 30 կազմակերպություն Վրաստանից և Հայաստանից: Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր Աջարիայի Ինքնավար Հանրապետության առեվտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Տամազ Շավաձեն, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձիք առևտրաարդյունաբերական պալատից, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունից, տուրիզմի դեպարտամենտից և այլ ոլորտներից:

Հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովի շրջանակներում կատարեցին շնորհանդեսներ, հանդիպեցին իրենց ոլորտի բազմաթիվ գործընկերների հետ և ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ:

Համաժողովի մասնակիցները նշեցին, որ նման միջոցառումները խթան են հանդիսանում երկու երկրների գործարարների կապերի ամրապնդմանը, կողմերը պայմանավորվեցին ավելի սերտ աշխատել միմյանց հետ և լրացնել բաց թողածը`տեղեկատվության պակասը, և ցանկություն հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները լինեն շարունակելի:

Այս համաժողովը հիանալի հնարավորություն էր հայկական և վրացական կազմակերպություններին նոր փոխշահավետ կապեր ստեղծելու համար: Հայաստանյան կազմակերպությունները լավագույնս ներկայացան Georgia – Armenia Business Forum 2012 բիզնես-համաժողովին:

Համաժողովը անցավ բարձր կազմակերպչական մակարդակով և ջերմ մթնոլորտում: Վրաց գործարարները մեծ ոգևորվածությամբ և սպասումներով ընդունեցին հայ գործընկերներին: