Մինչև 2012թ. աշունը կամ 2013թ. գարունը «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը մտադիր է ստորգետնյա խոհանոցային մաս կառուցել «Աչաջուր» սրճարանի համար: Այդ մասին այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքով` կառուցապատումն իրականացվելու է այգու կայուն զարգացման եռամյա ծրագրի շրջանակում, աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 16 մլն ՀՀ դրամ:
Այգու տարածքում գործող Աչաջուր սրճարանը հիմնադրման օրվանից ապահովում է այգու շահագործման համար անհրաժեշտ ծախսերի մի մասը` յուրաքանչյուր տարի ավելացնելով այդ մասնաբաժինը։ Նախատեսվում է սրճարանի հետնամասում կառուցել ստորգետնյա խոհանոց, որն ամբողջովին կանաչապատվելու է։ Դրա արդյունքում այգու այժմ կանգուն սրճարանի շինության տանիքը ևս կանաչապատվելու է. մոտ 50 քմ-ով ավելացնելով այգու կանաչապատ մակերեսը։ Շինության եզրագիծը ընտրված է այնպես, որպեսզի ոչ միայն պահպանվեն ծառերը, այլ չվնասվեն ծառերի արմատները:
Այգու կայուն զարգացման եռամյա ծրագրի շրջանակում 1 մլն դրամ նախահաշվային արժեքով նախատեսվում է նաև մինչև 2012թ. աշունը զարգացնել քաղաքային կահույքը (նստարան, աղբաման և այլ): Բացման օրվանից (հոկտեմբեր 2008) այգին անընդհատ համալրվել է նոր կահավորանքով (աղբամաններ, նստարաններ, լուսատուներ և այլն)։ Նախատեսվում է մոտ 15%-ով ավելացնել նստարաների քանակն ու կառուցել հեծանիվների կայանատեղի։ Նախատեսվում է նաև տեղադրել ընտանի կենդանիների արտաթորանքի մաքրման տոպրակներ այգու տարածքում, որից հետո հնարավոր կլինի նորից թույլատրել ընտանի կենդանիների մուտքը այգի (արգելքը մտցվել է 2011 թվականից։
Իսկ 2012թ. աշնանը կամ 2013թ. աշնանը հիմնադրամը մտադիր է համակցել հասարակական զուգարանների կայուն ջրային համակարգերը 2 մլն դրամ նախահաշվային արժեքով: Չնայած այն փաստին որ այգու շահագործման ընթացքում կոմունալ վճարներում խմելու ջրի համար նախատեսված գումարները փոքր մաս են կազմում (0.5%), սակայն հաշվի առնելով խմելու ջրի նկատմամբ համաշխարհային խնդիրներն ու Պողոսյան պարտեզների պատասխանատու կորպորատիվ մոտեցումները նախատեսվում է հասարակական զուգարաններում իրականացնել մի շարք փոփոխություններ։ Դրա արդյունքում զուգարաններում նախատեսվում է օգտագործել միայն այգու տարածքում գտնվող ստորգետնյա հորի ոռոգման համար նախատեսված ջուրը, ինչպես նաև տեղադրել ավտոմատ ջրող սանիտարական սարքեր։





