AM
3 Հոկտեմբեր 2012 - 15:41 AMT

Սիրահարների այգում այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներ կտեղադրվեն

2014թ. աշնանը Սիրահարների այգում այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներ կտեղադրվեն: Այդ մասին այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը` նշելով, որ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը՝ 10 մլն դրամ է: Այգու պահպանության գումարի մոտ 15%-ը ծախսվում է սպառված էլեկտրաէներգիայի վճարների համար։ Նախատեսվում է այգու հարավային մասում տեղադրել արևային էներգիայի մարդկոցներ արտադրելու համար այգու պահանջվող էլեկտրականության մի մասը, որը հիմնականում պահանջվում է ամռան արևաշատ ամիսներին։ Աղբյուրները կտեղադրվեն «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի` Սիրահարների այգու կայուն զարգացման եռամյա ծրագրի շրջանակում:

Այդ ծրագրի շրջանակում է նախատեսվում նաև նույն ժամանակ` 2014թ. աշնանը, կազմակերպել այգու հարավ-արևմտյան մուտքային մասը, ինչի համար նախատեսված է 4 մլն նախահաշվային արժեք: Այդ մուտքը նախատեսված է եղել այգու բարեկարգման բոլոր փուլերում, սակայն մի շարք տեխնիկական պատճառներով այն չի իրականացվել։ Այս մուտքի կառուցմամբ Պռոշյան փողոցի և Կոզեռն թաղամասի բնակիչները կկարողանան ազատ կերպով ելումուտ անել և օգտվել ավելի հարմար մուտքից։

2014թ. աշնանն է նախատեսվում նաև 10 մլն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգել և ամբողջացնել այգու ցանկապատը: Այգու տարածքի ցանկապատը չի երիզում այգին հարավային և հարավ-արևմտյան կողմերից։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել, որը զգալիորեն կբարձրացնի այգու ապահովությունը։