AM
4 Հոկտեմբեր 2012 - 08:56 AMT

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանում կանցկացվի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոց

Հոկտեմբերի 8-9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կանցկացվի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Այն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան, Եվրոպական կենսաքիմիական միությունների ֆեդերացիան (FEBS) և Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան։ Ծրագրին կմասնակցեն 65 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ։ Ունկնդիրների համար դասախոսություններ կկարդան Եվրոպական կենսաքիմիական միությունների ֆեդերացիայի 6 մասնագետներ։

Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցի նպատակն է նպաստել Հայաստանում կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության կրթության զարգացմանը՝ միջազգային ուսուցման նոր միտումների ներդրման, ինչպես նաև ապագա գիտնականներին ցուցաբերվող խորհրդատվության միջոցով: Այն ոչ միայն ուղղված է երիտասարդ գիտնականների կրթության որակի բարձրացմանը և ուսուցման գործընթացում նորամուծությունների ներդրմանը, այլև հնարավորություն կտա ուսանողներին և երիտասարդ գիտնականներին միջազգային փորձագետներից տեղեկանալ կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության կրթության արդի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Նշենք, որ կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։