AM
4 Հոկտեմբեր 2012 - 08:59 AMT

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը պատասխանել է ոստիկանության հայտարարությանը

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր պատասխանել են ոստիականության՝ օրեր առաջ արված այն հայտարարությանը, որում նշվում էր, որ իրենք խանգարում են նախաքննության ընթացքին: Բնապահպանները պարզաբանում են.

«Մեզ հետաքրքրում է դեպքի ամբողջական քննությունը, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի սպանդի արմատական վերացումը, և ոչ միայն մեկ մասնավոր դեպքի բացահայտումը:

Ոստիկանության աշխատակիցները գործում են ոչ պրոֆեսիոնալ, քննչական գործողություններն իրականացվում են սահմանված ընթացակարգերի խախտումներով: Ոստիկանությունը զարմանալիորեն չի անդրադառնում ԶԼՄ-ներով լուսաբանված ինտերնետային կայքէջերի տվյալներին, որտեղ բացահայտ կերպով մարդկանց հրավիրում են Հայաստան՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն եւ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակներ որսալու համար: Եթե ոստիկանությունը պնդում է, որ Նորիկ Սարգսյանը Հայաստանի որսորդների միության անդամ է, ապա հարց է ծագում, թե ի ՞նչ չափանիշներ են պահանջվում այդ միության անդամ դառնալու համար, ինչպիսի պատասխանատվություն է կրում որսորդների միությունն իր անդամների գործողությունների համար և հակառակը:

Ինչպե՞ս են ծախսվում այն հսկայածավալ դրամական միջոցները, որոնք ՀՀ պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերի միջոցով հատկացվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության համար:

Մենք հայտարարում ենք, որ չեն պաշտպանում որևէ մեկին, այլ հետամուտ են լինում, որ ամբողջությամբ արմատախիլ արվի արգելված կենդանիների որսի արատավոր պրակտիկան մեր հանրապետությունում, իսկ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն իրական հանցագործներն ու նրանց հանցակիցները, այդ թվում` պատվիրատուները: