AM
4 Հոկտեմբեր 2012 - 09:35 AMT

Մանկական զբոսայգում սպասվում է միջոցառումների շարք` նվիրված կենդանիների օրվան

Այսօր`կենդանիների համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանի մանկական զբոսայգում (նախկին Կոմայգի) նախատեսված են մի քանի միջոցառումներ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դինգո» կենդանասերների կամավորական խմբի անդամ Լուսի Հարությունյանը: Նրա խոսքով, միջոցառումները կսկսվեն ժամը 17.00-ից: Մայրաքաղաքի ստեղծագործական կենտրոններից մեկի սաները ելույթ կունենան երգ ու պարով, ասմունքով: Այգու փոքրիկ այցելուները կավճանկարչության միջոցով կներկայացնեն իրենց սիրելի կենդանիներին, իսկ կամավորական խումբը կկազմակերպի շների ցուցահանդես և որդեգրում:

«Դինգո» կենդանասերների կամավորական խումբը զբաղվում է շների որդեգրմամբ: Մեկ տարվա գործունեության ընթացքում արդեն 620 շներ գտել են իրենց տերերին:

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների համաշխարհային օրն է, որը նշվում է ամեն տարի և կոչված է մարդկության ուշադրությունն ուղղել Երկիր մոլորակի բնակիչների խնդիրներին: Այն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կենդանիների բարեկեցությունը բարդ հիմնախնդիր է, որն օրեցօր սրվում է, հատկապես թափառող շների գլխաքանակի վերահսկման առումով: