Հովազների պոպուլյացիան Հայաստանում կարող է վերականգնվել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի Հովազների պահպանման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Մալխասյանը: «Վերջերս որձ հովազի հետքեր ենք հայտնաբերել Վայոց ձորում, հովազների գոյության մասին տեղեկություններ ունենք Նախիջևանից, ուստի հուսով ենք, որ մոտ ժամանակներս հովազների պոպուլյացիան մեր տարածաշրջանում Հայաստանում կարող է վերականգնվել»,- նշեց նա` հավելելով, որ քանակական աճի միտում ունեն նաև բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը:
Դրա հետ մեկտեղ Մալխասյանը նշեց, որ Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների պոպուլյացիայի աճը գրանցվում է շարունակվող որսի պայմաններում, որն ամեն կերպ հարկավոր է դադարեցնել:





