AM
4 Հոկտեմբեր 2012 - 12:21 AMT

KarabakhRecords կայքը կհամակարգի «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան

Երևանում այսօր տեղի ունեցավ KarabakhRecords.info կայքի շնորհանդեսը:

Կայքը ստեղծված է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում:

Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ կայքի նպատակն է համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փասթաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, մամուլի հրապարակումներ։ KarabakhRecords կայքը կոչված է նաև ապահովել հեղինակային իրավունքի պահպանում և կարգավորել ԶԼՄ-ների և համացանցային ռեսուրսների կողմից նյութերի օգտագործումըч թյուրիմացություններից և շահարկումներից խուսափելու նպատակով: Գրիգորյանը նաև պատմեց, որ հաճախ լրատվամիջոցները պարզապես որոնողական կայքերով են գտնում նկարներ, որոնք հետագայում պարզվում է, որ ադրբեջանական են: Այդ իսկ պատճառով նա կոչ է անում լուսանկարներ վերցնել հենց իրենց ռեսուրսից, որոնք իրականն են:

Կայքը հնգալեզու է, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն: Այսօրվա դրությամբ կայքի նյութերի մեծ մասը ռուսերեն է, որովհետև հիմնական աղբյուրներն հենց այդ լեզվով են: Կազմակերպիչները խոստանում են, որ նյութերը մյուս լեզուներով նույնպես կթարգմանվեն և կհամալրվեն կայքում: