AM
4 Հոկտեմբեր 2012 - 12:32 AMT

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ . «Համբերե՛ք»

«Բնական է, որ քաղաքային տրանսպորտը կանգնած ուղևոր տեղափոխի՝ մեքենաները 22 նստատեղով են, բայց 45 տեղատարողությամբ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Տրանսպորտի գերբեռնվածության, աշխատանքային ժամերի, որակի, երթուղի դուրս գալու հաճախականության և մյուս խնդիրների մասին բոլոր հարցերին պաշտոնյան նույն պատասխանն է տալիս՝ կկարգավորվի երթուղային նոր ցանցի ներդրումն ավարտելուց հետո: Իսկ թե երբ, անորոշ է՝ ժամկետներ չնշեց: Միկրոավտոբուսների մասին բազմաթիվ բողոքներին ի պատասխան էլ ասաց.

«350 հոգանոց դիմում եմ ստացել, որում թախանձագին խնդրում են ավտոբուսայինի փոխված միկրոավտոբուսային երթուղին վերականգնել»:

Բացառում է, որ սա կարող է լինել ավտոբուսների վատ աշխատանքի հետևանքը:

Պաշտոնական հիմնավորմամբ միայն ու միայն D կարգ ունեցող վարորդների պակասի պատճառով դեռևս վարորդ չունեն գարնանը ներկրված չինական 80 ավտոբուս, 160-ն էլ առաջիկա 3 ամսում ներկրվելու է Կորեայից: Հենրիկ Նավասարդյանի խոսքով փակվող միկրոավտոբուսային երթուղիների վարորդները կգան ու կաշխատեն այս ավտոբուսներով:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ի պատասխան տրանսպորտի վարչության պետը նորմալ համարեց նույնիսկ որոշ երթուղիներում վարորդների՝ 40.000 դրամ «պլան» փակելը: Վարորդներն այս պայմաններում էլ շարունակելու են աշխատել: Ըստ պաշտոնյայի՝ «տրանսպորտային միջոցի, վառելիքի ծախսերը հաշվի առնելով»: Նրա տվյալներով վարորդներն օրեկան 6-7 հազար դրամ են աշխատում: