AM
5 Հոկտեմբեր 2012 - 05:54 AMT

«Ժողովուրդ». Գյումրիում նկատվում է թմրամոլների թվի աճ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանում, առավել ևս Գյումրիում, նկատվում է թմրամոլների թվի աճ: Հատկապես Գյումրիում տարածում է գտել «կրակադիլ» կոչվող թմրամիջոցը: Այն ստացվում է հեգեմետ և ցավազրկող դեղորայքներից քիմիական ճանապարհով տրոհման և կոֆեինի, կաֆետինի, դեզամորֆինի և ֆենոբարբիտալի անջատման միջոցով: Տրոհման արդյունքում ստացված այս դեղամիջոցները խիստ բացասաբար են ազդում մարդկանց առողջության վրա՝ առաջ բերելով հոգեական և ֆիզիկական կախվածություն: Դրանցից դեզամորֆինն արագ ցնդող թմրամիջոց է ու պարբերաբար օգտագերծման դեպքում առաջ է բերում արյան վարակ և ոսկրերի փտախտ: Սրանք բարդ, երբեմն չբուժվող հիվանդություններ են, որոնք հանգեցնում են մահվան:

Վերջին 4 տարիների վիճակագրական տվյալներով՝ նշված թմրամիջոցների օգտագործումից Գյումրիում մահացել է 115-125 քաղաքացի: Մահացողների միջին տարիքը 35-40 է: Բարեբախտաբար, անչափահասների շրջանում Գյումրիում թմրամոլներ չկան, ի հայտ չեն եկել նաև իգական սեռի թմրամոլներ: Եթե անգամ եղել են տեղեկություններ աղջիկ թմրամոլների մասին, ստուգման արդյունքում չի ապացուցվել, որ դա այդպես է:

Այս տարվա ինն ամիսների կտրվածքով ոստիկանության Գյումրու բաժնի կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք նախորդ տարվա նույն ժամանկահատվածի 56-ի փոխարեն: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թմրամոլությունը և թմրաբիզներսը դասվում են լատենտային՝ թաքնված հանցագործությունների շարքին, ու դրանց բացահայտման համար ոստիկանության ծառայողներիրց պահանջվում են համալիր, տարաբնույթ միջոցառումներ:

Իսկ թե «կրակադիլ» թմրամիջոցի լայն տարածումն ինչով է պայմանավորված, Ա. Գրիգորյանն ասաց.««Կրակադիլը» ծանր թմրամիջոց է, իսկ պատրաստումը՝ բավական մատչելի: Ծանր թմրամիջոցներ համարվում են նաև ափիոնը, հերոինը, որոնք ևս մարդուն հոգեկան և ֆիզիկական կախվածության մեջ են գցում, բայց չունեն այն նեգատիվ, խիստ բացասական հետևանքները:

Մենք ունենք տեղեկություններ, որ սև շուկայում հերոինի մեկ գրամն արժե 40-50 հազ. դրամ, ափիոնինը՝ 20-30 հազ. դրամ, իսկ «կրակադիլ» կոչվող թմրամիջոցի համար անհրաժեշտ է, ասենք, 6000 դրամ, որով կգնեն ներարկիչներ, բենզին և այլ անհրաժեշտ պարագաներ, եթե դա գնեն 2-3 հոգով, նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օրվա մեջ 2 անգամ օգտագործել: «Կրակադիլ» կոչվող թմրամիջոցներ օգտագործողների կյանքի տևողությունը 1-2 տարի է»:

Նշենք, որ թմրամոլների համար նախատեսված է պատիժ՝ 2-3 ամիս կալանավորում: Ա. Գրիգորյանը համարում է, որ նման պատիժը չափազանց մեղմ է, և անհրաժեշտ է այն խստացնել՝ թմրամոլության տարածումը կանխելու համար»: