«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը երեկ ձերբակալվել է: Նա յուրացրել է տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինը: Բացի այդ, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես ամիսներ շարունակ նրանց ներգրավել է տուն-ինտերնատից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածեցնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ: Տեղեկացնենք, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Հովհաննիսյանը այդ պաշտոնին նշանակվել է վերջերս իր մորեդբոր տղայի` ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի անմիջական միջնորդությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Թադևոսյանից պարզել, թե ինչպես էր երաշխավորում, որ իր բարեկամը լավ կաշխատի, և արդյոք նրա յուրացումներից, Սերժ Սարգսյանի ասած, «ատկատներ» է ստացել: Սակայն ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց պատասխանել հարցերին»,- գրում է «Ժողովուրդը»:





